22 սեպտեմբերի 2020 - 13:05 AMT
Ֆիրդուսի այլընտրանքային նախագծերի առաջին մրցանակը շնորհվել է վիետնամցի ճարտարապետի

Երևանի Ֆիրդուս թաղամասի քաղաքային միջավայրը վերակենդանացնելու այլընտրանքային առաջարկների մրցույթի առաջին մրցանակին արժանացել է Վիետնամից ճարտարապետ Նգույեն Քույ Ֆուի, իսկ երկրորդ մրցանակը՝ հայկական Storaket + Somewhere Something հեղինակների խմբի ներկայացրած նախագիծը։ Այս մասին հայտնում է մրցույթը կազմակերպած Երևանի ժառանգության պաշտպանության կոմիտեն իր ֆեյսբուքյան էջում։

Նշվում է, որ առաջին մրցանակի նախագիծն ամենահաջողվածն է այն տեսանկյունից, որ զարգացման նոր սխեմայի մեջ լավագույնս ներառում է գոյություն ունեցող քաղաքային կառուցվածքը և տարածքում մնացած ժառանգությունը, բացի այդ ճարտարապետական/դիզայներական գերակշռող ոճ թելադրելու փոխարեն առաջարկում է «մշակութային ինքնարտահայտման հիմք։

Առաջին տեղ գրաված նախագիծը․

Հեղինակը Վիետնամից ճարտարապետ Նգույեն Քույ Ֆուն է։

Երկրորդ մրցանակը Հայաստանից Storaket + Somewhere Something հեղինակների խմբի ներկայացրած նախագծինն է։

Երրորդ մրցանակը շնորհվել է Գերմանիայից Յուլյա Լարիկովայի, Իվան Սելեդնիկովի և Անի Պողոսյանի համատեղ աշխատանքին։

Մրցույթի համար ընդունվել էր 28 հայտ՝ աշխարհի 15 երկրից, որոնցից 11-ը՝ Հայաստանից։

Մրցանակները դրամական են։ Լավագույն աշխատանքները կոմիտեն կներկայացնի կառավարություն ու քաղաքապետարան՝ իրագործման նպատակահարմարությունը քննարկելու համար։

Մրցույթի ժյուրիի կազմում յոթ մասնագետ է աշխարհի վեց երկրից։