22 սեպտեմբերի 2020 - 16:36 AMT
Կարմիր խաչը վերջապես այցելել է Ադրբեջանում գերեվարված հայ սպային

Կարմիր խաչի միջազգային կոմիտեի ներկայացուցիչները այցելել են Ադրբեջանում գերության մեջ գտնվող Հայաստանի քաղաքացիներին, այդ թվում՝ օգոստոսի 23-ին գերեվարված սպա Գուրգեն Ալավերդյանին։ Այս մասին հայտնել է Կարմիր խաչի միջազգային կոմիտեի հայաստանյան գրասենյակի հաղորդակցման ծրագրերի ղեկավար Զառա Ամատունին, փոխանցում է «Լուրերը»։

Ադրբեջանում են քաղաքացիականներ Կարեն Ղազարյանը և Նարեկ Սարդարյանը, զինծառայողներ Արայիկ Ղազարյանը, Գուրգեն Ալավերդյանն ու Արսեն Բաղդասարյանը:

Նրա խոսքով՝ ԿԽՄԿ ներկայացուցիչներն Ադրբեջանում ստուգել են գերեվարվածների պահման պայմանները, տեղեկացել առողջական վիճակի մասին, հնարավորություն տվել կապ հաստատել ընտանիքի հետ:

Դեռ սեպտեմբերի 17-ին պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը հանդիպել էր ՀՀ-ում Կարմիր խաչի միջազգային կոմիտեի ղեկավար Քլեր Մեյթրոյին, այդ օրվա դրությամբ ԿՄԽԿ ներկայացուցիչները դեռ չէին հանդիպել Գուրգեն Ալավերդյանին։ Սա վկայում է, որ Կարմիր խաչին հաջողվել է այցելել հայ սպային՝ գերեվարվելուց մոտ մեկ ամիս անց։ Մինչ այդ ադրբեջանական կողմը խոչընդոտում էր այցելությանը։