22 սեպտեմբերի 2020 - 19:00 AMT
Աբրահամյան․ Ծառուկյանին կալանավորելու որևէ նոր միջնորդություն չի ներկայացվել

«Բարգավաճ Հայաստան» կուսակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանի նկատմամբ կալանքը որպես խափանման միջոց ընտրելու որևէ նոր միջնորդություն չի ներկայացվել դատարան, ֆեյսբուքյան իր էջում գրել է գլխավոր դատախազի խորհրդական Գոռ Աբրահամյանը։

Նրա խոսքով՝ անընդունելի են դեռևս չկայացած դատական նիստի կանխորոշված ելքի վերաբերյալ հրապարակումները, և կարիք չկա «բացառապես իրավական գործընթացը քաղաքանացնելու»։

«Սեպտեմբերի 23-ին կայանալիք դատական նիստում քննարկվելու է այն միջնորդությունը, որի կապակցությամբ առաջին ատյանի դատարանի կայացրած մերժման որոշումը դատախազության կողմից բողոքարկվել էր ՀՀ վերաքննիչ դատարան և վերջինս կայացրել էր դատախազության բողոքը մասնակիորեն բավարարելու, առաջին ատյանի դատարանի դատական ակտը բեկանելու եւ նույն դատարան նոր քննության ուղարկելու վերաբերյալ»,-գրել է նա։

Աբրահամյանը նշել է, որ Վճռաբեկ դատարանը վարույթ չի ընդունել բողոքները, այսինքն ուժի մեջ է մտել որոշումը, որի հիմքով էլ Առաջին ատյանի դատարանը միջնորդությունը կրկին քննելու համար դատական նիստ է նշանակել։

ԱԱԾ-ն հունիսի 14-ին խուզարկություն էր իրականացրել Գագիկ Ծառուկյանի առանձնատանը, ավելի ուշ նրա դեմ 3 քրեական գործ էր հարուցվել ապօրինի ձեռնարկատիրական գործունեության, ընտրակաշառք բաժանելու և հողատարածքների օտարման փաստերով։

Վերաքննիչ դատարանը որոշել էր բեկանել Երևանի ընդհանուր իրավասության դատարանի որոշումը (Երևանի ընդհանուր իրավասության դատարանը մերժել էր Ծառուկյանի նկատմամբ կալանքը որպես խափանման միջոց ընտրելու՝ ԱԱԾ-ի միջնորդությունը)` այն առաջին ատյանի դատարան նոր քննության ուղարկելով։