23 սեպտեմբերի 2020 - 10:56 AMT
Արցախի ԱԳՆ․ Բաքուն պետք է հրաժարվի ռազմական շանտաժի և սպառնալիքների քաղաքականությունից

Եթե Ադրբեջանի իշխանություններն իրոք հետաքրքրված են տարածաշրջանում երկարատև խաղաղության հաստատմամբ, ապա նրանք պետք է հրաժարվեն ռազմական շանտաժի և սպառնալիքների քաղաքականությունից, ճանաչեն Արցախի ժողովրդի կողմից իրացված ինքնորոշման իրավունքի փաստը և նստեն բանակցային սեղանի շուրջ՝ իրենց իսկ կողմից սանձազերծված զինված հակամարտության հետևանքով առաջացած խնդիրներին լուծում գտնելու նպատակով։

Այս մասին է հայտարարել Արցախի ԱԳՆ-ն, արձագանքելով Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի վերջին ելույթներին։

Նշվում է, որ ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործընթացի վերաբերյալ Ադրբեջանի նախագահի հնչեցրած հայտարարությունները ցույց են տալիս Ադրբեջանի իշխանությունների շփոթվածության աստիճանը այն պայմաններում, երբ շանտաժի և սպառնալիքների վրա հիմնված Բաքվի վաղեմի ռազմավարությունն ապացուցել է իր սնանկությունը և ամբողջությամբ սպառել է իրեն:

Հայտարարության մեջ նշվում է նաև, որ անարդյունավետ էին Ադրբեջանի նախագահի կողմից հայտարարված՝ Հայաստանը և Արցախը մեկուսացնելու, հայկական երկու պետությունների տնտեսական աճը խոչընդոտելու քաղաքականությունը, ինչպես նաև ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության համատեքստում կրոնական թեման շահարկելու փորձերը։

«Ակնհայտ է, որ, զրկվելով իր հիմնական գործիքից, այն է՝ սպառնալիքի և ուժային ճնշման միջոցով հասնել միակողմանի զիջումների, պաշտոնական Բաքուն իր հարմարավետության գոտուց դուրս է հայտնվել և փորձում է վերադառնալ այն իրավիճակին, որին ընտելացել է՝ ուժեղացնելով ռազմատենչ հռետորաբանությունը՝ ուղղված ոչ միայն հայկական երկու կողմերի, այլև, ընդհանրապես՝ կարգավորման գործընթացի դեմ»,-ասվում է Արցախի ԱԳՆ հայտարարության մեջ։ ։

Սեպտեմբերի 21-ին Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը, տեսաձևաչափով ելույթ ունենալով ՄԱԿ Գլխավոր ասամբլեայի 75-րդ նստաշրջանում մեղադրել է հայկական կողմին «բանակցությունների ձևաչափը և էությունը խախտելու մեջ»՝ հավելելով, որ ՀՀ վարչապետը «բանակցությունների գործընթացում անհիմն պայմաններ է առաջադրում»: Ալիևը կոչ է արել ՄԱԿ-ին «ազդել Հայաստանի վրա և թույլ չտալ նոր ռազմական ագրեսիա»։