23 սեպտեմբերի 2020 - 13:39 AMT
Ծառուկյանի խափանման միջոց ընտրելու քննությունը չի կայացել

Երևանի ընդհանուր իրավասության դատարանի Կենտրոնի նստավայրում սեպտեմբերի 23-ին «Բարգավաճ Հայաստան» խմբակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանի խափանման միջոցն ընտրելու միջնորդության քննությունը չի կայացել, փոխանցում է Aravot.am-ը։

Ըստ որոշ տեղեկությունների՝ պաշտպանական կողմը դատարան չի ներկայացել պատշաճ ծանուցված չլինելու պատճառով։

ԱԱԾ-ն հունիսի 14-ին խուզարկություն էր իրականացրել Գագիկ Ծառուկյանի առանձնատանը, ավելի ուշ նրա դեմ 3 քրգործ էր հարուցվել ապօրինի ձեռնարկատիրական գործունեության, ընտրակաշառք բաժանելու և հողատարածքների օտարման փաստերով։

Վերաքննիչ դատարանը որոշել էր բեկանել Երևանի ընդհանուր իրավասության դատարանի որոշումը (Երևանի ընդհանուր իրավասության դատարանը մերժել էր Ծառուկյանի նկատմամբ կալանքը որպես խափանման միջոց ընտրելու՝ ԱԱԾ-ի միջնորդությունը)` այն առաջին ատյանի դատարան նոր քննության ուղարկելով։ Սեպտեմբերի 22-ին գլխավոր դատախազի խորհրդական Գոռ Աբրահամյանը հայտնել էր, որ Ծառուկյանի նկատմամբ կալանքը որպես խափանման միջոց ընտրելու որևէ նոր միջնորդություն չի ներկայացվել դատարան։