23 սեպտեմբերի 2020 - 19:05 AMT
ՌԴ-ն հերքել է ադրբեջանացիների՝ Փաշինյանի մասին Լավրովին վերագրվող հայտարարությունը

ՌԴ ԱԳՆ հատուկ ներկայացուցիչ Մարիա Զախարովան խնդրել է Լեռնային Ղարաբաղի հակամարտության հարցում կողմնորոշվել ռուսական կողմի պաշտոնապես հայտնի դիրքորոշմամբ, ոչ թե ոչ ռուսական կողմից արված տարբեր մեկնաբանություններով։

Սեպտեմբերի 23-ի բրիֆինգի ժամանակ Զախարովան անդրադարձել է Ադրբեջանի խորհրդարանի՝ Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովին վերագրած խոսքերին։

Ադրբեջանական խորհրդարանական պատվիրակությունը մեկնել էր Ռուսաստան, որտեղ հանդիպել էր Լավրովի հետ։ Հանդիպումից հետո Ադրբեջանի Միլի Մեջլիսը հայտարարել էր, որ Լավրովը հանդիպման ընթացքում ասել է, որ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հայտարարությունները խոչընդոտում են ԼՂ հակամարտության կարգավորման գործընթացին, իսկ Հայաստանը պետք է Ադրբեջանին վերադարձնի «օկուպացված» 5 շրջանը։

«Ինչ վերաբերում է նախարարին մեջբերելու կոռեկտությանը, ապա ուզում եմ ձեր ուշադրությունը հրավիրել, և այդ հարցերը հասցեագրել այն աղբյուրներին, որոնցից սկիզբ են առել այդ տեղեկությունները, դրա համար, անկեղծ ասած, սրա վրա կանգ էլ չեմ առնի»,- ասել է Զախարովան։

Նա նաև ասել է, որ ադրբեջանական կողմի հետ հանդիպմանը քննարկվել են նախկինում բարձրաձայնված ԼՂ համակարտության կարգավորման հիմնային սկզբունքները․ «Որոնք ենթադրում են այդ թվում՝ ԼՂ կարգավիճակի հարցերի լուծումը, ինչպես նաև դրա շուրջ տարածքների ազատումը։ Մեր դիրքորոշումը այս հարցով դուք լավ գիտեք, և մեծ խնդրանք՝ կողմնորոշվել դրանով, ոչ թե այն տարբեր մեկնաբանություններով, որոնք արվում են ոչ ռուսական կողմից»- նշել է հատուկ ներկայացուցիչը։