24 սեպտեմբերի 2020 - 10:44 AMT
«Հայֆիլմի» ժապավենային, ձայնագրային և փաստագրական նյութերը կարխիվացվեն

Հայաստանի ազգային կինոկենտրոնը սկսել է հավաքագրել, արխիվացնել և ուսումնասիրել նախկին «Հայֆիլմ» կինոստուդիայի տարածքում գտնվող ժապավենային, ձայնագրային և փաստագրական բոլոր նյութերը։

Կինոստուդիայի փակվելուց հետո, այդտեղ (ինչպես և ստուդիայի այլ բաժիններում) մնացած բազմաթիվ նյութերը երկար տարիներ գտնվել են անմխիթար վիճակում՝ համարվելով ոչ պիտանի կամ անկարևոր։ Դրանք հիմնականում 1980-90-ականներին արված ֆիլմերի նկարահանումների ամբողջական կամ մասնակի պահպանված նյութեր են, ձայնավորման համար օգտագործված տարատեսակ ձայնագրություններ, ինչպես նաև բուն «Հայֆիլմի» գործունեությանը վերաբերվող վարչական փաստաթղթեր։

Աշխատանքները կտևեն առնվազն 1 ամիս, իսկ նյութերի հետազոտությունն ու մշակումը՝ տարիներ։ Դրանք կհանձնվեն Կինոկենտրոնի արխիվին, որն այժմ նույնպես գտնվում է վերահաշվառման, ստուգման և գույքագրման փուլում։

Հայաստանի ազգային կինոկենտրոնն այս աշխատանքն իրականացնում է ԿԳՄՍ նախարարության աջակցությամբ։