Տնտեսագիտական համալսարանի ռեկտորի նախկին ժպ Ռուբեն Հայրապետյանը հայտարարել է, որ արդեն 2-րդ օրն է՝ համալսարանի ղեկավարությունը, ուսանողների կամքին հակառակ, դասաձախողումներ է կազմակերպում՝ անարգելով ուսանողների իրավունքները, որպեսզի Կառավարությանը «ստիպի» կայացնել անօրինական որոշում։
Հայրապետյանն ուսանողներին կոչ է արել պահանջատեր լինել, եթե հարկ լինի՝ սկսել դիմացի այգուց։
Սեպտեմբերի 23-ին համալսարանի կոլեկտիվի կազմկոմիտեն հայտարարել էր, համալսարանում ժամանակավորապես դադարեցվում է ուսումնական գործընթացը՝ մինչև Դիանա Գալոյանի՝ օրենքով սահմանված կարգով ռեկտորի պաշտոնում նշանակումը։
«Վարչական լծակի կիրառման էական նշանակությունը նաև այն է, որ համալսարանի ապօրինի ղեկավարությունը դասերը տապալող դասախոսներին խոստացել է վճարել աշխատավարձը, որպեսզի նրանք «հանգիստ խղճով» անեն իրենց սև գործը: Ի դեպ, ԿԳՄՍ նախարարը հենց իր տված վարչական այդ լծակը մեկ որոշմամբ կարող է հետ վերցնել և այն նենգաբար չարաշահողի նկատմամբ գործ հարուցել, սակայն, չգիտես ինչու, դեռ չի անում»,- Facebook-ում նշել է նա:
Գալոյանը ռեկտորի պաշտոնին փոխարինել էր Հայրապետյանին, որը պաշտոնից ազատվել էր դոկտորական ատենախոսության մեջ առկա խնդիրների՝ «գրագողության» պատճառով։
Մայիսի 14-ին ԲՈԿ ղեկավար Սմբատ Գոգյանը հայտարարել էր հրաժարականի մասին և հայտնել, որ Գալոյանը պաշտոնը զբաղեցնում է կապերի միջոցով։ Գոգյանի ազատման դիմումն այդպես էլ չի ընդունվել, նա շարունակում է պաշտոնավարել։ Ավելի ուշ ԲՈԿ որոշմամբ՝ Գալոյանը զրկվել էր գիտական կոչումից, սակայն ԿԳՄՍՆ-ն կոչումը կրկին վերականգնել էր։