Հայաստանի և Եվրոպական հանձնաժողովի միջև «Աջակցություն Հայաստանում դատական ոլորտի բարեփոխումների իրականացմանը. Փուլ I» ֆինանսավորման համաձայնագրի նախագծով €30 մլն կտրամադրվի ՀՀ-ին, Կառավարությունը հավանություն է տվել նախագծին։
Համաձայնագրով նախատեսվում է, որ €27 մլն-ը տրամադրվելու է ուղղակի բյուջետային աջակցությամբ, մնացած €3 մլն-ը՝ տեխնիկական աջակցության տեսքով։
Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը տեղեկացրել է, որ ֆինանսական համաձայնագրի ստորագրումից հետո պետբյուջե միանվագ կերպով կփոխանցվի €9 մլն, ապա 9-ական մլն եվրո կտրամադրվի հաջորդող երկու տարում։
Արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանը նշել է, որ առաջին €9 մլն-ն ակնկալվում է ստանալ 2020-ին։
«3 կոմպոնենտի համար է տրվում գումարը՝ առաջինը դատավորների բարեվարքության և գույքային դրության ստուգումն է, երկրորդը՝ դատական համակարգում ծառայությունների որակի բարձրացումն է, երրորդը՝ հակակոռուպցիոն ինստիտուցիոնալ համակարգին է վերաբերում»,- բացատրել է Բադասյանը։
ՀՀ-ում դատական համակարգի բարեփոխումների մասին քննարկումները սկսել են 2018-ից, արդարադատության նախարարությունը համապատասխան նախագծով հանդես է եկել 2019-ին։