Վարորդական իրավունքի վկայական ստանալու համար քննությունների նոր` առավել խստացված կոնոնները կսկսեն գործել ոչ թե սեպտեմբերի 27-ից, այլ՝ 2021-ի հունվարի 1-ից, համապատասխան որոշումն ընդունվել է Կառավարության նիստում։
Փոփոխությունների ժամկետի հետաձգումը ոստիկանությունը պայմանավորում է կորոնավիրուսի համաճարակով, քանի որ Ճանապարհային ոստիկանության քննական կենտրոնները մարտի 25-ից մինչև մայիսի 17-ը և հունիսի 3-ից մինչև հունիսի 14-ը դադարեցրել էին աշխատանքը։
Նոր կարգով վարորդական իրավունք ստացողների համար սահմանվում են ավելի խիստ պայմաններ։ Այն ստանալ ցանկացող թեկնածուն պետք է ներկայացնի առողջական վիճակի ստուգման թերթիկ։ Տեսական գիտելիքների ստուգման թեստը պարունակելու է ոչ թե 10, այլ 20 հարց, դրական է համարվելու առնվազն 18 ճիշտ պատասխանը։ Մեքենա վարելու հմտությունները ստուգվելու են նաև ճանապարհային երթևեկության իրական պայմաններում։
2020-ի օգոստոսի 10-ի դրությամբ` վարորդական իրավունքի վկայական ստանալու համար ՃՈ է ներկայացվել ավելի քան 26,000 դիմում, որոնցից մոտ 12,500-ը՝ Երևանում:
Քննական կենտրոններում ներկայում օրական ընդունվում է որակավորման առավելագույնը 400 քննություն։