24 սեպտեմբերի 2020 - 16:20 AMT
ԿԲ փոխնախարար․ Վարկային արձակուրդը կամ համաներումը ֆինանսապես ու բարոյապես կվնասի

Հայաստանում մասսայական վարկային արձակուրդը կամ համաներումը կհանգեցնեն մակրոտնտեսական, ֆինանսական և բարոյական շատ մեծ վնասների, իսկ հետևանքները կարող են անդառնալի լինել, հայտարարել է Կենտրոնական բանկի փոխնախագահ Ներսես Երիցյանը։

Նրա խոսքով՝ զանգվածային արձակուրդը կամ համաներումը բարոյական ռիսկի մասով կարող են լուրջ փոփոխության հանգեցնել, վարկառուները կարող են վճարումներ չանել՝ մտածելով, որ ապագայում ներվելու են։

ԿԲ փոխնախարարը հայտնել է, որ ՀՀ-ում վարկառուների մոտ 93%-ը գիտակցված ու պարտաճանաչ կերպով կատարում է իր պարտավորությունները։

Երիցյանի խոսքով` վարկերի համաներման հակառակ կողմում ավանդատուներն են, որոնք առաջինն են տուժելու նման դեպքում։ Նա նշել է, որ բանկերն ավանդատու քաղաքացիներին տարեկան մոտ 140 մլրդ դրամ են վճարում կամ ՀՆԱ 2․5%-ը, և իրենք պարտավոր են հարցնել նրանց կարծիքը։

«Եթե վարկերը համաներվեն, բնականաբար այդ կորուստների վնասները պետք է կրեն դեպոզիտորները։ Եթե ավանդատուները կհամաձայնեն, որ այլևս տոկոս չեն ուզում, բերենք այստեղ, նստեցնենք, բոլորս իրար հետ համաձայնության գանք»,– հայտարարել է նա։

ԿԲ փոխնախագահը վստահեցրել է, որ նման արձակուրդից կամ համաներումից տուժելու են միայն բանկերն ու ավանդատուները, վարկառուների պայմանները դրանից չեն բարելավվելու։

ԱԺ-ում վարկային համաներման թեմայով խորհրդարանական լսումներ է կազմակերպել «Բարգավաճ Հայաստան» խմբակցությունը։ Ավելի վաղ, այդ թեմայով հայտարարություններ էր արել նաև խմբակցության առաջնորդ Գագիկ Ծառուկյանը՝ քննադատելով իշխանությանը, որ չեն ստիպել բանկերին համավարակի պայմաններում վարկային արձակուրդ տրամադրել։ Ավելի վաղ՝ ապրիլի 9-ին վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել էր, որ բանկերը 290,000 մարդու վարկային արձակուրդ են տվել։