24 սեպտեմբերի 2020 - 18:17 AMT
ԱՄՆ-ում ձերբակալվել է նախկին պատգամավոր Արթուր Գևորգյանը

Ազգային ժողովի նախկին պատգամավոր, Հայաստանի բռնցքամարտի ֆեդերացիայի նախագահ Արթուր Գևորգյանն ԱՄՆ-ում ձերբակալվել է այդ երկրի օրենսդրության խախտման պատճառով, PanARMENIAN.Net-ին ասաց գլխավոր դատախազի խորհրդական Գոռ Աբրահամյանը։

Ըստ նրա՝ Գևորգյանի ձերբակալումը Հայաստանում հարուցված քրգործի հետ կապ չունի։

«ՀՀ դատախազությունը պաշտոնապես տեղեկացվել է, որ Գևորգյանը ձերբակալվել է ԱՄՆ օրենսդրության խախտման հետ կապված հանգամանքների շրջանակում։ Տեղեկացվել են նաև նրա գտնվելու վայրի և իրավասու մարմինների տրամադրության տակ գտնվելու վերաբերյալ, դատախազությունը, իրացնելով իր լիազորությունները, արդեն իսկ նախապատրաստում է անհրաժեշտ փաստաթղթերը՝ ներկայացնելու համար ԱՄՆ իրավասու մարմիններին՝ նրան ՀՀ-ին հանձնելու գործընթացի նպատակով»,- նշեց նա։

Աբրահամյանի խոսքով` ՀՀ-ի և ԱՄՆ-ի միջև բացակայում է քրգործերով անձանց հանձնման մասին երկկողմ միջազգային պայմանագիրը, և որոշակի առանձնահատկություններ կան այս դեպքում գործընթացի կազմակերպման առումով։

Ավելի վաղ դատախազությունից հայտնել էին, որ 5-րդ և 6-րդ գումարման ԱԺ պատգամավոր Արթուր Գևորգյանը 2012-2019թթ․ ընթացքում ՀՀ բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողով ներկայացրած իր 2017 և 2018 թվականների գույքի, եկամուտների և փոխկապակցված անձանց հայտարարագրերում թաքցրել է ԱՄՆ-ում իրեն պատկանող առանձնապես խոշոր չափերով 3 անշարժ գույքի տվյալներ: Հրապարակման հիման վրա նախապատրաստված նյութերով ՀՀ Հատուկ քննչական ծառայությունում ՀՀ քրեական օրենսգրքի 314.3-րդ հոդվածի 2-րդ մասով (պաշտոնեական կեղծիքը) և 310-րդ հոդվածի 1-ին մասով (ձեռնարկատիրական գործունեությանն ապօրինի մասնակցելը) հարուցվել է քրեական գործ: