25 սեպտեմբերի 2020 - 17:53 AMT
ԱԳՆ-ն՝ Ալիևին․ Միայն ժողովրդի մանդատը վայելող իշխանությունն է ունակ արտահայտելու փոխզիջման հասնելու կամքը

ՀՀ ԱԳՆ մամուլի խոսնակ Աննա Նաղդալյանը մեկնաբանել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի ՄԱԿ Գլխավոր ասամբլեայի նստաշրջանում ելույթը՝ նշելով, որ միայն ժողովրդի մանդատը վայելող իշխանություններն են ունակ արտահայտելու փոխզիջման հասնելու քաղաքական կամքը:

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը ՄԱԿ-ի ամբիոնից Հայաստանին մեղադրել է այդ երկրի դեմ նոր պատերազմի նախապատրաստվելու մեջ։ Ալիևը կոչ է արել միջազգային հանրությանը «զսպել Հայաստանին հերթական ռազմական ագրեսիայից»։

«Տարածաշրջանի ժողովուրդները ժառանգել են բարդ հակամարտություն, որի վերջնական հանգուցալուծումը ենթադրում է այնպիսի տարբերակի համաձայնեցում, որն ընդունելի կլինի Հայաստանի, Արցախի և Ադրբեջանի ժողովրդների համար: Միայն այդ ժողովրդների մանդատը վայելող իշխանություններն են ունակ արտահայտելու փոխզիջման հասնելու և խաղաղություն հաստատելու քաղաքական կամքը: Հայաստանում և Արցախում ձևավորվել են իշխանություններ, որոնք ստացել են ժողովրդական քվե և պատրաստ են երկխոսության մեջ մտնել Ադրբեջանի ժողովրդի մանդատը վայելող իշխանությունների հետ:

Իշխանությունը հորից ժառանգած և մեկ ընտանիքի շրջանակում այն կիսող Իլհամ Ալիևն այդպիսի առաջնորդ չէ: Նրա իշխանությունը մշտապես հիմնված է եղել հակամարտության շահարկման, սեփական հասարակությունում ՀՀ-ի և հայ ժողովրդի՝ որպես «հարմար թշնամի» կերպարի արմատավորման, այլ ոչ թե սեփական հասարակության կարիքների լուծման վրա»,- ասվում է ԱԳՆ մեկնաբանության մեջ:

Նշվում է, որ Ադրբեջանի իշխանությունն աշխարհում հանդես է գալիս որպես ավտորիտար և ռեպրեսիվ ռեժիմ, որն օգտագործում է բոլոր հնարավորությունները, այդ թվում՝ կորոնավիրուսային համավարակը, սեփական ժողովրդին լռեցնելու համար:

Վերջին մի քանի օրն Ադրբեջանի նախագահն առիթը բաց չի թողնում միջազգային ամբիոններից Հայաստանի հասցեին մեղադրանքներ հնչեցնելու համար։ Նրան ձայնակցում է Թուրքիայի ղեկավարությունը՝ աննախադեպ ակտիվություն դրսևորելով այս հարցում։