25 սեպտեմբերի 2020 - 17:56 AMT
ԿԳՄՍ նախարարը հուսով է՝ չնայած թվերի աճին, դպրոցները փակելուց կխուսափեն

Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Արայիկ Հարությունյանը հուսով է, որ թեպետ համավարակի թվերը սկսել են աճել, հնարավոր կլինի զերծ մնալ դպրոցները փակելուց։ Այդ մասին նա գրել է ֆեյսբուքյան իր էջում։

«Եղել եմ Ստեփան Զորյանի անվան թիվ 56 դպրոցում: Համավարակային կանոնները պահելու առումով արձանագրեցի բավականին լավ պատկեր, ինչը թույլ է տալիս մեզ հույս հայտնել, որ թեպետ համավարակի թվերը սկսել են աճել, մենք կկարողանանք համակարգը պահել վերահսկելի վիճակում ու զերծ մնալ դպրոցները փակելուց:

Դրա համար առավել քան երբևէ անհրաժեշտ է խստագույնս պահել կանոնները՝ դիմակ, սոցիալական հեռավորություն և ախտահանում»,-ասվում է գրառման մեջ։

Նախարարը նաև շնորհակալություն է հայտնել դպրոցների ղեկավարությանը և ուսուցիչներին, քանի որ կազմակերպումը շատ տեղերում գտնվում է բարձր մակարդակի վրա:

Հայաստանում սեպտեմբերի 25-ի դրությամբ կորոնավիրուսի դեպքերը հասել են 48,643-ի՝ նախորդ օրվա համեմատ ավելանալով 392-ով: Covid-19-ից փաստացի բուժվողների թիվը կրկին 4000-ից ավելի է։