25 սեպտեմբերի 2020 - 18:33 AMT
Իջևանի ՃՈ-ի պաշտոնյաների կողմից կաշառք վերցնելու դեպք է բացահայտվել

Ազգային անվտանգության ծառայությունը ՃՈ Իջևանի բաժանմունքի պաշտոնատար անձանց կողմից կաշառք ստանալու դեպք է բացահայտել։

Պարզվել է, որ բաժանմունքի պետ Ա. Շ.-ն Ս. Թ.-ի օգտին առանց քննությունների E կարգի վարորդական իրավունքի վկայական տրամադրելու համար, 2020-ի սեպտեմբերի 24-ին, Ա. Ս.-ի օժանդակությամբ, վերջինիցս ստացել է 75,000 դրամ կաշառք։

Նույն բաժանմունքի տեսուչ Ա. Մ.-ին ցուցում է տրվել, որպեսզի վերջինս առանց գործնական քննության կեղծ գրառում կատարի, որ Ս. Թ.-ն ստացել է դրական գնահատական:

Ա. Մ.-ն այնուհետև էլեկտրոնային բազա է ներբեռնել կեղծ տեղեկատվությամբ վերը նշված գործնական քննության թերթիկի տվյալները, որի արդյունքում էլ Ս. Թ.-ին տրամադրվել է E կարգի վարորդական իրավունքի վկայական:

ՀՀ ՔՕ համապատասխան հոդվածների հատկանիշներով հարուցվել է քրգործ, որի շրջանակում պաշտոնատար անձին կաշառք տալու, կաշառք ստանալու, կաշառք տալուն օժանդակելու, պաշտոնեական լիազորությունները չարաշահելու և պաշտոնեական կեղծիք կատարելու կասկածանքներով բերման են ենթարկվել Իջևանի հաշվառման-քննական բաժանմունքի պետը, նույն բաժանմունքի տեսուչը, ինչպես նաև ևս երկու անձինք, ովքեր հանցանք կատարելու մեջ անմիջականորեն ծագած կասկածանքի հիման վրա ձերբակալվել են:

Նախաքննությունը շարունակվում է, ձեռնարկվում են ակտիվ միջոցառումներ կոռուպցիոն մեխանիզմում ներգրավված անձանց ամբողջական շրջանակը պարզելու ուղղությամբ։