25 սեպտեմբերի 2020 - 19:00 AMT
4 թեկնածու՝ Հանրայինի գործադիր տնօրենի պաշտոնի համար

Սեպտեմբերի 25-ին անցկացվել է Հանրային հեռուստաընկերության գործադիր տնօրենի թափուր պաշտոնի համալրման համար ստեղծված մրցութային հանձնաժողովի առաջին նիստը, առաջադրված 13 թեկնածուից 4-ն է հրավիրվել հարցազրույցի, հայտարարել է Ազգային ժողովի «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Մխիթար Հայրապետյանը։

«Հանձնաժողովի անդամները քննարկեցին 13 թեկնածուի ներկայացրած ծրագրերը, և որոշում ընդունվեց թեկնածուներից չորսին հրավիրել հանձնաժողովի հաջորդ նիստին՝ հարցազրույցի։ Այդ թեկնածուներն են՝ Հովհաննես Թովմասյանը, Հովհաննես Մովսիսյանը, Արմեն Սարգսյանը, Ռուդիկ Տեր–Գալստյանը»,-գրել է Հայրապետյանը։

Սեպտեմբերի 7-ին հաստատվել էր Հանրային հեռուստաընկերության գործադիր տնօրենի թափուր պաշտոնի մրցութային հանձնաժողովի կազմը։ Սեպտեմբերի 18-ին հայտարարվել էր բոլոր 13 թեկնածուի անունները։ Ընտրված 4 թեկնածուից Հովհաննես Թովմասյանը «Երեմյան փրոջեքթս» ընկերության գեղարվեստական ղեկավարն է, Հովհաննես Մովսիսյանը՝ վարչապետի աշխատակազմի «Հանրային կապերի և տեղեկատվության կենտրոն» ՊՈԱԿ-ի տնօրենը, Արմեն Սարգսյանը Հանրայինի գործադիր տնօրենի պաշտոնակատարն է, Ռուդիկ Տեր-Գալստյանը՝ Հանրայինի գլխավոր պրոդյուսերը։