26 սեպտեմբերի 2020 - 14:02 AMT
Ոստիկանության Նոր Նորքի բաժնի պետն ու 3 օպերլիազոր ձերբակալվել են

Խմբով երկու անձի՝ Վլադիմիր Օհանյանին և Արմեն Ղազարյանին, խոշտանգելու կասկածանքով ձերբակալվել են ՀՀ ոստիկանության Նոր Նորքի բաժնի քրեական հետախուզության բաժանմունքի երեք օպերլիազորներ: Նրանք ձերբակալվել են ՀՀ քրեական օրենսգրքի 309.1-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 4-րդ կետերով (խմբով երկու անձի խոշտանգելը, պատժվում է 7-12 տարի ազատազրկմամբ) նախատեսված հանցավոր արարքներ կատարելու համար։

Ավելի վաղ աշխարհի և Եվրոպայի չեմպիոն, ծանրորդ Արմեն Ղազարյանը հայտարարել է, որ խոշտանգվել է ոստիկանների կողմից։ Նրա խոսքով՝ սեպտեմբերի 6-ին Նոր Նորքի բակերից քաղաքացիական հագուստով ոստիկաններն «առևանգվել են» նրան, ոստիկանության բաժնում ծեծել և պահանջել, որ ինչ-որ փաստաթուղթ ստորագրի։Նա գրել էր, որ իրեն տարել են միայն այն բանի համար, որ ներկա է գտվել և բացատրություն պահանջել այդ պահին մեկ այլ քաղաքացու առևանգման համար։

Ձերբակալվել է նաև ոստիկանության Նոր Նորքի բաժնի պետը` ՔՕ 308-րդ հոդվածի 1-ին մասով (պաշտոնատար անձի կողմից իր պաշտոնեական դիրքը ծառայության շահերին հակառակ օգտագործելը) նախատեսված հանցավոր արարք կատարելու կասկածանքով (պատժվում է ):

Քրգործով ձեռք բերված փաստական տվյալների համաձայն` Նոր Նորքի բաժնի քրեական հետախուզության բաժանմունքի օպերլիազոր Տ. Ա.-ն իր և Վլադիմիր Օհանյանի կանանց միջև տեղի ունեցած անձնական բնույթի վեճը լուծելու համար նույն բաժանմունքի օպերլիազորներ Ն. Բ.-ի և Գ. Մ.-ի հետ Օհանյանին փաստացի բերման են ենթարկել ոստիկանության Նոր Նորքի բաժին:

Միաժամանակ բերման են ենթարկել այդ կապակցությամբ պարզաբանումներ պահանջած Վլադիմիր Օհանյանի ընկերոջը` Արմեն Ղազարյանին: Այնտեղ ոստիկանության վերը նշված պաշտոնատար անձինք Օհանյանին ծեծի են ենթարկել օպերլիազոր Տ. Ա.-ի կնոջ հետ վիճաբանելու, իսկ Ղազարյանին՝ իրենց հայհոյելու համար պատժելու նպատակով:

Դեպքից հետո Նոր Նորքի բաժնի պետն անհարկի միջամտել է Ա. Ղազարյանի դիմումի կապակցությամբ իրականացվող ծառայողական քննության ընթացքին, չարաշահելով իր լիազորությունները՝ կատարել է վերջինիս կողմից բողոքից հրաժարվելուն ուղղված ապօրինի գործողություններ:

Քրեական գործով նախաքննությունը շարունակվում է: