26 սեպտեմբերի 2020 - 16:17 AMT
ՀՅԴ-ն պահանջում է փոխել Ծառուկյանի խափանման միջոցը

ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմինը հայտարարություն է տարածել՝ պահանջելով դադարեցնել իրականացվող քաղաքական հետապնդումները, փոխել ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանի նկատմամբ ապօրինի կիրառված խափանման միջոցը:

Նշվում է, որ Հայաստանը հայտնվել է բախտորոշ շրջափուլում. «իշխանությունները երկիրը կանգնեցրել են արտաքին և ներքին լրջագույն սպառնալիքների առջև»։

«Մեր պետականությունը խաթարող մարտահրավերները համազգային միասնականությամբ դիմագրավելու փոխարեն՝ իշխանությունները սաստկացրել են ընդդիմադիր քաղաքական ուժերին և ընդդիմախոսներին իրավունքի ոտնահարմամբ լռեցնելու, հալածանքներն ու հաշվեհարդարները շարունակելու գործելաոճը:

ԲՀԿ առաջնորդին կալանավորելու մասին հապշտապ որոշումը իշխանությունների արատավոր ուղեգծի դրսևորումներից է, որով փորձ է կատարվում թանձրացնել վախի մթնոլորտը և հասարակական տրամադրությունները շեղել իշխող վարչակարգի` բոլոր ոլորտներում արձանագրած ձախողումներից: Անթույլատրելի և դատապարտելի է իշխանությունների այս արատավոր գործելաոճը»,-ասվում է հայտարարության մեջ։

Նշվում է, որ ընդդիմադիր քաղաքական ուժերի և ընդդիմախոսների «քաղաքական հալածանքները չդադարեցնելու դեպքում» հետևանքների պատասխանատվությունը կրում է իշխող ուժը:

«Հոկտեմբերի 8-ին եռյակի նախաձեռնած համապետական հանրահավաքը նոր որակի իշխանության ձևավորման կարևորագույն հանգրվանն է»,-ասվում է հայտարարության մեջ։

Սեպտեմբերի 25-ի երեկոյան «Բարգավաճ Հայաստան» կուսակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանը կալանավորվել է։ Նման որոշում է կայացրել Երևանի ընդհանուր իրավասության դատարանը։ Նման միջնորդությամբ դատարան էր դիմել ԱԱԾ-ն։

ԱԱԾ-ն հունիսի 14-ին խուզարկություն էր իրականացրել Ծառուկյանի առանձնատանը, ավելի ուշ նրա դեմ 3 քրգործ էր հարուցվել ապօրինի ձեռնարկատիրական գործունեության, ընտրակաշառք բաժանելու և հողատարածքների օտարման փաստերով։

Վերաքննիչ դատարանը որոշել էր բեկանել Երևանի ընդհանուր իրավասության դատարանի որոշումը (Երևանի ընդհանուր իրավասության դատարանը մերժել էր Ծառուկյանի նկատմամբ կալանքը որպես խափանման միջոց ընտրելու՝ ԱԱԾ-ի միջնորդությունը)` այն առաջին ատյանի դատարան նոր քննության ուղարկելով։ Սեպտեմբերի 22-ին գլխավոր դատախազի խորհրդական Գոռ Աբրահամյանը հայտնել էր, որ Ծառուկյանի նկատմամբ կալանքը որպես խափանման միջոց ընտրելու որևէ նոր միջնորդություն չի ներկայացվել դատարան։