27 սեպտեմբերի 2020 - 08:45 AMT
Արցախի ՊԲ-ն հակառակորդի 2 ուղղաթիռ և 3 ԱԹՍ է խոցել

Ադրբեջանն Արցախի ուղղությամբ սկսել է օդային և հրթիռային հարձակում։ Հայկական կողմը խոցել է հակառակորդի երկու ուղղաթիռ և 3 անօդաչու թռչող սարք։ Այս մասին հայտնում է Հայաստանի ՊՆ մամուլի խոսնակ Շուշան Ստեփանյանը:

ՊԲ հրամանատար, գեներալ-մայոր Ջալալ Հարությունյանը հայտնել է, որ սեպտեմբերի 27-ի առավոտյան ադրբեջանական բանակը հրթիռահրետանային նախապատրաստությունից ու ԱԹՍ հարվածներից հետո հարձակման է անցել շփման գծի ամբողջ երկարությամբ: Այս պահին ՊԲ ստորաբաժանումները, հակառակորդին մեծաթիվ կորուստներ պատճառելով, հաջողությամբ խափանում են նրա ծրագրերը:

Ավելի վաղ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը տեղեկացրել էր, որ հակառակորդը հարձակվել է Արցախի վրա։ Ադրբեջանագետ Էդգար Էլբակյանը գրում է, որ Ադրբեջանը մի քանի ուղղություններով օդային հարվածներ է հասցրել Արցախի ռազմական և քաղաքացիական կետերի ուղղությամբ, նախնական տեղեկություններով՝ Մաղավուզ, Իվանյան, օդանավակայան, Ստեփանակերտ, Մարտակերտ, Շուշվա ՀՕՊ։ Նրա խոսքով՝ ըստ նախնական տեղեկությունների՝ ռազմաճակատի ճեղքում չկա։