27 սեպտեմբերի 2020 - 09:21 AMT
Մնացականյանը կապի մեջ է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության հետ

ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը կապի մեջ է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության հետ։ Այս մասին ասել է ԱԳՆ խոսնակ Աննա Նաղդալյանը։

Ավելի վաղ ՊՆ-ից հայտնել էին, որ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը հեռախոսազրույց է ունեցել ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպշրիկի հետ և ներկայացրել Արցախի սահմանին տիրող իրավիճակը: Նա տեղեկացրել է, որ Ադրբեջանը սանձազերծել է հերթական սադրանքը։

Ադրբեջանն Արցախի ուղղությամբ սկսել է օդային և հրթիռային հարձակում։ Հայկական կողմը խոցել է հակառակորդի երկու ուղղաթիռ և 3 անօդաչու թռչող սարք։

ՊԲ հրամանատար, գեներալ-մայոր Ջալալ Հարությունյանը հայտնել է, որ սեպտեմբերի 27-ի առավոտյան ադրբեջանական բանակը հրթիռահրետանային նախապատրաստությունից ու ԱԹՍ հարվածներից հետո հարձակման է անցել շփման գծի ամբողջ երկարությամբ: Այս պահին ՊԲ ստորաբաժանումները, հակառակորդին մեծաթիվ կորուստներ պատճառելով, հաջողությամբ խափանում են նրա ծրագրերը: