27 սեպտեմբերի 2020 - 10:35 AMT
Շուշան Ստեփանյան․ Ադրբեջանի ձեռնարկած սադրանքը նախապես ծրագրված էր

Ադրբեջանի ՊՆ-ն պաշտոնապես հայտարարել է «հակահարձակում» սկսելու մասին, ինչը փաստում է, որ գործողությունները վաղուց պլանավորված են եղել։ Այս մասին հայտում է ՀՀ ՊՆ մամուլի խոսնակ Շուշան Ստեփանյանը։

Նա գրել է, որ տարրական գիտելիք ունեցող ցանկացած զինվորական կփաստի, որ հակահարձակման օպերացիայի պլանավորումը շաբաթներ է տևում, իսկ Էսկալացիայի մասին պաշտոնական հաղորդագրությունից րոպեներ անց էլ ադրբեջանական և թուրքական լրատվամիջոցներն առաջնագծից նյութեր են հրապարակում, ինչը ևս փաստում է, որ Ադրբեջանի ձեռնարկած սադրանքը նախապես ծրագրված էր։

Ադրբեջանն Արցախի ուղղությամբ սկսել է օդային և հրթիռային հարձակում։ Հայկական կողմը խոցել է հակառակորդի երկու ուղղաթիռ և 4 անօդաչու թռչող սարք, 3 տանկ։

ՊԲ հրամանատար, գեներալ-մայոր Ջալալ Հարությունյանը հայտնել է, որ սեպտեմբերի 27-ի առավոտյան ադրբեջանական բանակը հրթիռահրետանային նախապատրաստությունից ու ԱԹՍ հարվածներից հետո հարձակման է անցել շփման գծի ամբողջ երկարությամբ: Այս պահին ՊԲ ստորաբաժանումները, հակառակորդին մեծաթիվ կորուստներ պատճառելով, հաջողությամբ խափանում են նրա ծրագրերը: