27 սեպտեմբերի 2020 - 10:39 AMT
Հարությունյան. Սա կենաց մահու կռիվ է, որն ընդունում ենք ազգովի

Հակառակորդի սանձազերծած գործողությունը կենաց մահու կռիվ է, հայտարարել է Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը՝ նշելով, որ այն «ընդունում ենք ազգովի և ազգովի հաղթանակ ենք տանելու»:

«Այսօր վաղ առավոտյան, շփման գծի ամբողջ երկայնքով և բազմաթիվ խաղաղ բնակավայրերի ուղղությամբ թշնամին սկսել է ակտիվ հրետակոծություն: Բնակչությանը կոչ ենք անում պատսպարվել, ցուցաբերել հանգստություն:

Քիչ առաջ հանդիպել եմ մեր առաջին կամավորականներին: Հավաստիացնում եմ՝ մեր զինված ուժերն իրենց դիրքերում ամուր են, իսկ պատասխանը լինելու է համաչափ: Իրավիճակի ողջ պատասխանատվությունը կրում է Ադրբեջանի ռազմաքաղաքական ղեկավարությունը և յուրաքանչյուր կորստի համար պատասխան են տալու»,- նշել է նա:

Ադրբեջանը սեպտեմբերի 27-ի վաղ առավոտյան Արցախի ուղղությամբ սկսել է օդային և հրթիռային հարձակում։ Հայկական կողմը խոցել է հակառակորդի երկու ուղղաթիռ և 3 անօդաչու թռչող սարք։

ՊԲ հրամանատար, գեներալ-մայոր Ջալալ Հարությունյանը հայտնել է, որ սեպտեմբերի 27-ի առավոտյան ադրբեջանական բանակը հրթիռահրետանային նախապատրաստությունից ու ԱԹՍ հարվածներից հետո հարձակման է անցել շփման գծի ամբողջ երկարությամբ: Այս պահին ՊԲ ստորաբաժանումները, հակառակորդին մեծաթիվ կորուստներ պատճառելով, հաջողությամբ խափանում են նրա ծրագրերը: