27 սեպտեմբերի 2020 - 13:16 AMT
Ջաբարով. Պետք է անհապաղ դադարեցնել մարտերը և անցնել բանակցությունների

Արցախյան հակամարտության կողմերը պետք է անհապաղ դադարեցնեն մարտական գործողություններն ու անցնեն բանակցությունների։ Այս մասին հայտարարել է ՌԴ Դաշնությունների խորհրդի միջազգային հարցերի կոմիտեի նախագահի առաջին տեղակալ Վլադիմիր Ջաբարովը:

ԵԱՀԿ-ն արդեն տեղեկացվել է իրադարձությունների մասին: «Վեստիի» փոխանցմամբ՝ Ջաբարովը հիշեցրել է, որ հակամարտության կարգավորմամբ զբաղվող կառույց կա` ԵԱՀԿ Մինսկի խումբը։

Ավելի վաղ մարտական գործողությունները դադարեցնելու կոչ էր արել նաև Ռուսաստանի արտգործնախարարությունը։

Ադրբեջանը սեպտեմբերի 27-ի վաղ առավոտյան Արցախի ուղղությամբ սկսել է օդային և հրթիռային հարձակում՝ թիրախավորելով թե ռազմական օբյեկտներ, թե քաղաքացիական ենթակառուցվածքներ, այդ թվում՝ Ստեփանակերտում։ Հայկական կողմը խոցել է հակառակորդի 2 ուղղաթիռ, 3 տանկ, 15 անօդաչու թռչող սարք, որոնցից 1-ը՝ Տավուշում։ Արցախում երկու քաղաքացիական է զոհվել՝ 1 կին և 1 երեխա, կա 2 քաղաքացիական վիրավոր։ Արցախում հայտարարվել է ռազմական դրություն և համատարած զորահավաք։

ՊԲ հրամանատար, գեներալ-մայոր Ջալալ Հարությունյանը հայտնել է, որ սեպտեմբերի 27-ի առավոտյան ադրբեջանական բանակը հրթիռահրետանային նախապատրաստությունից ու ԱԹՍ հարվածներից հետո հարձակման է անցել շփման գծի ամբողջ երկարությամբ: Այս պահին ՊԲ ստորաբաժանումները, հակառակորդին մեծաթիվ կորուստներ պատճառելով, հաջողությամբ խափանում են նրա ծրագրերը: