13 փետրվարի 2009 - 20:32 AMT
ԱՄՆ թուրքական կազմակերպությունները ահազանգում են
Թուրքական կազմակերպությունների ներկայացուցիչները նամակ են հղել ԱՄՆ նախագահ Բարակ Օբամային, որում «անհանգստություն» են հայտնել ԱՄՆ կողմից Հայոց ցեղասպանությունը ճանաչելու գործին ուղղված հայկական լոբբիի ջանքերի առնչությամբ: «Ակնհայտ է, որ հայկական լոբբին Ձեր վարչակազմի եւ ԱՄՆ Կոնգրեսի վրա ճնշում է գործադրում` պահանջելով, որպեսզի Դուք Առաջին աշխարհամարտի իրադարձությունները բնորոշեք որպես «ցեղասպանություն»,- ասվում է Թուրք-Ամերիկյան Կոալիցիայի (ԹԱԿ) նամակում, որի տակ ստորագրել են 53 թուրք-ամերիկյան կազմակերպություններ:

Նամակում նաեւ ընդգծվում է, որ «անարդարացի կլիներ հաշվի առնել կողմերից միայն մեկի տեսակետը` արհամարելով պատմաբանների եւ գիտնականների անկախ եւ անաչառ գնահատականները»: Նամակի հեղինակները եւս մեկ անգամ հայտնել են 1915թ. իրադարձությունները ուսումնասիրելու համար պատմաբանների եւ գիտնականների միջազգային հանձնաժողով ստեղծելու պատրաստակամության մասին` նշելով, որ փորձագետները կկարողանան օգտվել բոլոր արխիվներից»,- ընդգծվում է նամակում, գրում է թուրքական Hurriyet թերթը:

Թուրքիայի վաւրչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանը Հայաստանին առաջարկեց ստեղծել պատմաբանների համատեղ հանձնաժողով` Հայոց ցեղասպանության հարցի դիտարկման համար: Հայաստանը հրաժարվեց առաջարկից` հայտնելով, որ Հայոց ցեղասպանությունը Օսմանյան կայսրությունում պատմական փաստ է, որը ենթակա չէ քննարկման: