27 սեպտեմբերի 2020 - 15:09 AMT
Ֆրանսիայի ԱԳՆ-ի կոչը՝ դադարեցնել կրակն ու վերսկսել երկխոսությունը

Ֆրանսիայի արտաքին գործերի նախարարությունը կոչ է անում դադարեցնել կրակը Ղարաբաղում և վերսկսել երկխոսությունը։ Այդ մասին Ֆրանսիայի ԱԳՆ-ն հայտարարել է Twitter-ի պաշտոնական միկրոբլոգում։

«Ֆրանսիան լրջորեն մտահոգված է լայնածավալ բախումներով Լեռնային Ղարաբաղում, ինչպես նաև տեղեկություններով խաղաղ բնակչության շրջանում զոհերի մասին։ Ֆրանսիան կոչ է անում անհապաղ դադարեցնել բախումներն ու վերսկսել երկխոսությունը»,-ասվում է հայտարարության մեջ։

Ռուսաստանի ԱԳՆ-ն ևս հայտարարություն է տարածել՝ կոչ անելով անհապաղ դադարեցնել կրակը Լեռնային Ղարաբաղում։

Ադրբեջանը սեպտեմբերի 27-ի վաղ առավոտյան Արցախի ուղղությամբ սկսել է օդային և հրթիռային հարձակում՝ թիրախավորելով թե ռազմական օբյեկտներ, թե քաղաքացիական ենթակառուցվածքներ, այդ թվում՝ Ստեփանակերտում։ Հայկական կողմը խոցել է հակառակորդի երկու ուղղաթիռ, 3 տանկ, 4 անօդաչու թռչող սարք, որոնցից 1-ը՝ Տավուշում։ Արցախում երկու քաղաքացիական է զոհվել՝ 1 կին և 1 երեխա, կա 2 քաղաքացիական վիրավոր։

ՊԲ հրամանատար, գեներալ-մայոր Ջալալ Հարությունյանը հայտնել է, որ սեպտեմբերի 27-ի առավոտյան ադրբեջանական բանակը հրթիռահրետանային նախապատրաստությունից ու ԱԹՍ հարվածներից հետո հարձակման է անցել շփման գծի ամբողջ երկարությամբ: Այս պահին ՊԲ ստորաբաժանումները, հակառակորդին մեծաթիվ կորուստներ պատճառելով, հաջողությամբ խափանում են նրա ծրագրերը: