27 սեպտեմբերի 2020 - 22:21 AMT
Մակրոն․ Լարվածության հետագա խորացումն անթույլատրելի է

Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը խորը մտահոգություն է հայտնել Լեռնային Ղարաբաղում ստեղծված իրավիճակով և անթույլատրելի համարել լարվածության հետագա խորացումը: ՀՀ կառավարության մամուլի ծառայության հաղորդմամբ նման կարխիք է նա հայտնել վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ զրույցում։

Մակրոնն անհրաժեշտ է համարել ձեռնարկել բոլոր միջոցները ռազմական գործողությունները դադարեցնելու և լարվածությունը լիցքաթափելու ուղղությամբ: Նա նաև կարևորել է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների ջանքերի ակտիվացումը տարածաշրջանում խաղաղություն վերահաստատելու համար:

ՀՀ վարչապետը, իր հերթին, հայտնել է, որ Ադրբեջանը ռազմական գործողություններ է սկսել Արցախի հետ շփման գծի ամբողջ երկայնքով: Նա խոր մտահոգություն է հայտնել ստեղծված իրավիճակով և դրա հետագա սրմամբ: Մասնավորպես ընդգծվել է, որ Ադրբեջանը դիմում է սադրանքների Հայաստանի Հանրապետության հետ պետական սահմանի ուղղությամբ ևս ռազմական գործողություններ սկսելու համար:

ՀՀ վարչապետը զրուցակցի ուշադրությունն առանձնակի հրավիրել է Թուրքիայի խիստ կողմնակալ և ագրեսիվ դիրքորոշման և այդ երկրի հնարավոր միջամտությունը կասեցնելու անհրաժեշտության վրա: