27 սեպտեմբերի 2020 - 23:36 AMT
Քարդաշյանի կոչն ԱՄՆ-ին՝ Կոնգրեսից ու Սպիտակ տնից պահանջել դատապարտել Ադրբեջանի ագրեսիան Արցախում

Հեռուստաաստղ Քիմ Քարդաշյանը հայտարարել է, որ Արցախում հայերը հարձակման են ենթարկվել, և տեղի ունեցողը, չնայած ապակողմնորոշող լուրերին, ուղղակի «բախումներ չեն»։ Նա հայտնել է, որ աղոթում է խիզախ տղամարդկանց և կանանց համար, որոնք վտանգում են իրենց կյանքը` հանուն Հայաստանի և Արցախի պաշտպանության։

Քարդաշանի խոսքով՝ Հայաստանը դարձել է չհրահրված ադրբեջանական հարձակումների և դրանց ուղեկցող կանխատեսելի ապատեղեկատվական արշավի զոհը:

Նա Բաքվին կոչ է արել դադարեցնել հարձակողական ուժի կրառումը, ԱՄՆ-ին՝ ռազմական օգնության տրամադրումն Ադրբեջանին և զգուշացնել Թուրքիային՝ դադարեցնել զենք և զինյալներ չուղարկել Բաքու։

Քարդաշյանը դիմել է իր հետևորդներին՝ խնդրելով կոչ անել ԱՄՆ-ին դադարեցնել Ադրբեջանին տրամադրվող ռազմական օգնությունը:

«Ադրբեջանն արգելափակում է սոցցանցերը՝ բացառությամբ պատերազմական քարոզչության նյութերի»,- գրել է Քարդաշյանը Twitter-ում:

Հայազգի աստղն իր հետևորդներին խնդրել է դիմել Սպիտակ տանն ու ԱՄՆ Կոնգրեսին, իսկ միջազգային դիտորդներին կոչ արել հետաքննել և դիմել միջազգային քաղաքական և դիվանագիտական միջոցների՝ կանխելու իրավիճակի անիմաստ սրումն ու ողբերգությունը: