28 սեպտեմբերի 2020 - 08:52 AMT
ՊՆ․ ՀՀ ԶՈւ-ն նշանակալի հաջողություններ ունի, մարտերն Արցախում դեռ շարունակվում են

Սեպտեմբերի 27-ի լույս 28-ի գիշերն Արցախում մարտական գործողությունները շարունակվել են, Զինված ուժերն ունեն նշանակալի հաջողություններ, հայտարարել է տեղեկատվական կենտրոնի պատասխանատու Արծրուն Հովհաննիսյանը:

«Սակայն դեռ հանգիստ չէ, մարտերը շարունակվում են, որոշ տեղերում հրետանային մենամարտեր են: Մեր զորքերի մասին ադրբեջանական կողմի հայտնած կորուստները չեն համապատասխանում իրականությանը»,- գրել է Հովհաննիսյանը:

ՊՆ խոսնակ Շուշան Ստեփանյանն, իր հերթին, հայտնել է, որ վաղ առավոտյան հակառակորդը վերսկսել է հարձակողական գործողությունները՝ կիրառելով հրետանային միջոցներ, զրահատեխնիկա, այդ թվում՝ «ՏՕՍ» ծանր հրանետային համակարգ։

Ադրբեջանը սեպտեմբերի 27-ի վաղ առավոտյան Արցախի ուղղությամբ սկսել է օդային և հրթիռային հարձակում՝ թիրախավորելով թե ռազմական օբյեկտներ, թե քաղաքացիական ենթակառուցվածքներ, այդ թվում՝ Ստեփանակերտում։ Արցախի ՊԲ-ում սեպտեմբերի 28-ի առավոտվա դրությամբ 31 զոհ կա։ Առաջին օրվա ճշտված տեղեկություններով՝ ադրբեջանական կողմն ունի մոտ 200 մարդկային կորուստ, կորցրել են նաև մոտ 30 զրահատեխնիկա և 20 ԱԹՍ։