28 սեպտեմբերի 2020 - 10:12 AMT
ԱԳ նախարար․ Պատրաստ ենք փոխզիջման, բայց այս լայնածավալ էսկալացիան բերում է նոր իրավիճակ

ՀՀ ԱԳՆ ղեկավար Զոհրաբ Մնացականյանը «Ֆրանս 24-ին» տված հարցազրույցում հայտարարել է, որ հայկական կողմը պատրաստ է փոխզիջման, սակայն այս լայնածավալ էսկալացիան բերում է նոր իրավիճակ, որին ստիպված ենք առերեսվել, գրում է Aysor.am-ը։

«Մենք եղել և մնում ենք լիովին հավատարիմ Լեռնային Ղարաբաղի հակամարտության բացառապես խաղաղ կարգավորմանը, ինչի համար կա միջազգայնորեն ընդունված, միջազգային մանդատ ունեցող ձևաչափ՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահությունը, որի կազմում ընդգրկված են Ֆրանսիան, ԱՄՆ-ն և ՌԴ-ն:

Մենք լիովին հավատարիմ ենք այս գործընթացին՝ լուծելու այս հակամարտությունը բացառապես խաղաղ ճանապարհով, և գտնելու այնպիսի լուծում, այնպիսի կարգավորում, որը բացառապես հիմնված է փոխզիջման վրա, այնպիսի մի լուծում, որն ընդունելի է, ինչպես նշել է Հայաստանի վարչապետը, Հայաստանի ժողովրդի, Արցախի ժողովրդի և Ադրբեջանի ժողովրդի համար», - ասել է Մնացականյանը։

Նախարարի խոսքով՝ դժբախտաբար, առերեսվում ենք Ադրբեջանի բացառապես առավելապաշտական դիրքորոշմանը, որը մերժում է Արցախի ժողովրդի և նրա իշխանությունների, հայ ժողովրդի շահերի և մտահոգությունների որևէ դիտարկում:

Նա հավելել է, որ առավելապաշտական մոտեցումը եղել և մնում է մերժված:

Ադրբեջանը սեպտեմբերի 27-ի վաղ առավոտյան Արցախի ուղղությամբ սկսել է օդային և հրթիռային հարձակում՝ թիրախավորելով թե ռազմական օբյեկտներ, թե քաղաքացիական ենթակառուցվածքներ, այդ թվում՝ Ստեփանակերտում։ Արցախի ՊԲ-ում սեպտեմբերի 28-ի առավոտվա դրությամբ 31 զոհ կա։ Առաջին օրվա ճշտված տեղեկություններով՝ ադրբեջանական կողմն ունի մոտ 200 մարդկային կորուստ, կորցրել են նաև մոտ 30 զրահատեխնիկա և 20 ԱԹՍ։