Պետական եկամուտների կոմիտեն (ՊԵԿ)՝ արձագանքելով շրջանառվող կեղծ լուրերին, տեղեկացնում է, որ հանրապետության բոլոր մաքսակետերն աշխատում են բնականոն շուրջօրյա գրաֆիկով:
ՊԵԿ նախագահի հանձնարարականի համաձայն, մաքսային ձևակերպումների գործընթացն իրականացվում է հնարավորինս արագ և օպերատիվ՝ երկրի համար պատասխանատու պահին ապահովելով համակարգի անխափան աշխատանքը:
Ռազմական դրությամբ պայմանավորված՝ բացի մաքսակետերից նաև ամբողջ մաքսային ծառայությունն անցել է 24 ժամյա աշխատանքային գրաֆիկի, որն իրականացվում է հերթափոխով:
ՊԵԿ-ը հորդորում է հետևել միայն պաշտոնական հաղորդագրություններին։
Ադրբեջանը սեպտեմբերի 27-ի վաղ առավոտյան Արցախի ուղղությամբ սկսել է օդային և հրթիռային հարձակում՝ թիրախավորելով թե ռազմական օբյեկտներ, թե քաղաքացիական ենթակառուցվածքներ, այդ թվում՝ Ստեփանակերտում։ Արցախի ՊԲ-ում սեպտեմբերի 28-ի առավոտվա դրությամբ 31 զոհ կա։ Առաջին օրվա ճշտված տեղեկություններով՝ ադրբեջանական կողմն ունի մոտ 200 մարդկային կորուստ, կորցրել են նաև մոտ 30 զրահատեխնիկա և 20 ԱԹՍ։