28 սեպտեմբերի 2020 - 15:46 AMT
ՊԲ հրամանատար. Իրավիճակը լիովին վերահսկվում է

Արցախի պաշտպանության բանակի հրամանատար, գեներալ-մայոր Ջալալ Հարությունյանը բանակի մարտական կառավարման կենտրոն այցելած ԱՀ նախագահ Արայիկ Հարությունյանին ու ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանին ներկայացրել է օպերատիվ-մարտավարական իրադրությունը, անդրադարձել այն բոլոր գործընթացներին, որոնք իրականացվում են ՊԲ ստորաբաժանումների կողմից՝ ադրբեջանական ագրեսիային դիմակայելու ուղղությամբ:

ՊԲ-ից հայտնում են, որ Հարությունյանը և Տոնոյանը սեպտեմբերի 28-ին բանակի մարտական կառավարման կենտրոն են այցելել՝ շփման գծի ամբողջ երկայնքով շարունակվող մարտական գործողությունների ընթացիկ ու հնարավոր հետագա զարգացումներին ծանոթանալու համար։

Հարությունյանը վստահեցրել է, որ իրավիճակը լիովին վերահսկվում է և ստեղծվել են լավ հնարավորություններ՝ արձանագրված հաջողությունները հետագայում զարգացնելու համար:

Ադրբեջանը սեպտեմբերի 27-ի վաղ առավոտյան Արցախի ուղղությամբ սկսել է օդային և հրթիռային հարձակում՝ թիրախավորելով թե ռազմական օբյեկտներ, թե քաղաքացիական ենթակառուցվածքներ, այդ թվում՝ Ստեփանակերտում։ Արցախի զինված ուժերում 59 զոհ կա: Ճշտված տեղեկություններով՝ ադրբեջանական կողմն ունի մոտ 200 մարդկային կորուստ, կորցրել են նաև մոտ 30 զրահատեխնիկա և 20 ԱԹՍ։