28 սեպտեմբերի 2020 - 23:41 AMT
Սաուդյան Արաբիան շարունակում է խոչընդոտել երկրում թուրքական ապրաքների իրացմանը

Սաուդյան Արաբիան շարունակում է իր ոչ պաշտոնական բոյկոտը թուրքական ապրանքների դեմ՝ փորձելով վնասել առանց այդ էլ վերջինիս կաղացող տնտեսությանը: Ahval կայքի փոխանցմամբ ՝2019-ին երկիրը ոչ պաշտոնական արգելք է դրել թուրքական ապրանքների վրա։

Թուրք գործարարներից մեկը պատմել է, որ իրենց հաճախորդները խնդրել են երրորդ երկրի միջոցով ուղարկել ապրանքները։

Վերջերս սաուդցիներն իրենց սահմանային անցակետերում պահել են հարյուրավոր թուրքական բեռնատարներ և Թուրքիայից հազարավոր փաթեթներ՝ օդանավակայաններում: Բեռնատարներին երկիր թույլատրվել է մտնել միայն թուրք դիվանագետների միջամտությունից հետո:

Նշվում է, որ երբ 2017-ի Սաուդյան Արաբիայի գլխավորած դաշինքը խզեց կապերը հարևան Քաթարի հետ, Անկարան աջակցեց Դոհային տնտեսական և ռազմական հարցերով: Սաուդյան Արաբիայի և Թուրքիայի միջև դիվանագիտական ​​հարաբերությունները չեն փայլում այն ​​բանից հետո, երբ Ստամբուլում անհետացավ և սպանվեց սաուդցի լրագրող Ջամալ Խաշոգջին։

Ըստ աղբյուրի՝ Սաուդյան Արաբիայի իշխանությունները ճնշում են տեղական բիզնեսներին՝ թուրքական արտադրողների հետ չհամագործակցելու համար։