29 սեպտեմբերի 2020 - 09:56 AMT
ԶԼՄ․ ՄԱԿ ԱԽ-ն շտապ հանդիպում կանցկացնի ԼՂ-ում իրավիճակի հարցով

Միացյալ ազգերի կազմակերպության Անվտանգության խորհուրդը մտադիր է սեպտեմբերի 29-ին արտակարգ հանդիպում հրավիրել Արցախում իրավիճակի վերաբերյալ՝ փակ խորհրդակցությունների ձևաչափով։ Այդ մասին տեղեկացնում է ՏԱՍՍ-ը՝ իր աղբյուրին հղումով։

«Հավանաբար, քննարկումը կկայանա սեպտեմբերի 29-ին փակ ձևաչափով»,-ասել է աղբյուրը։

Ըստ ԶԼՄ-ի՝ այն նախաձեռնել են մի շարք եվրոպական երկրներ։ Խորհրդակցությունների ձևաչափը ենթադրում է, որ դրանց մասնակցում են միայն ԱԽ անդամ 15 երկրի դիվանագետները, առանց հակամարտության կողմերի մասնակցության։

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ավելի վաղ հեռախոսազրույց է ունեցել ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշի հետ վերջինիս նախաձեռնությամբ: ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը խոր մտահոգություն է հայտնել ստեղծված իրավիճակով և զարգացումներով՝ ընդգծելով ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակում խաղաղ գործընթացի վերսկսման անհրաժեշտությունը:

Ադրբեջանը սեպտեմբերի 27-ի վաղ առավոտյան Արցախի ուղղությամբ սկսել է օդային և հրթիռային հարձակում՝ թիրախավորելով թե ռազմական օբյեկտներ, թե քաղաքացիական ենթակառուցվածքներ, այդ թվում՝ Ստեփանակերտում։ Արցախի պաշտպանության բանակում 84 զոհ կա։