Ադրբեջանի զինված ուժերը կրակ են վարել Հայաստանի զինված ուժերի Վարդենիսի զորամասի, ինչպես նաև օդուժ են կիրառել դիրքերի ուղղությամբ, հայտարարել է պաշտպանության նախարարության խոսնակ Շուշան Ստեփանյանը։
«Հակառակորդի այս գործողությանը նախորդել է Ադրբեջանի պաշտպանության նախարարության ապատեղեկատվությունը, թե, իբր, Հայաստանի Հանրապետության զինված ուժերը Վարդենիսի շրջանից հրթիռակոծել են Ադրբեջանի Դաշքեսանի շրջանը։ Այսպիսով, փաստորեն, հակառակորդը փորձել է հող նախապատրաստել հիմնավորելու համար իր հետագա գործողությունները։ Սպասեք կոշտ պատասխանի»,- գրել է նա։
Ավելի վաղ ՀՀ ԱԳՆ-ն հայտարարություն էր տարածել՝ հերքելով հերթական ադրբեջանական ապատեղեկատվությունը և հայտարարելով, որ այն բացարձակ սուտ է և նպատակ ունի հող նախապատրաստելու մարտական գործողությունների աշխարհագրության ընդլայնման, այդ թվում՝ ագրեսիա իրականացնել Հայաստանի դեմ:
ՊՆ-ից հերքել էին Ադրբեջանի պաշտպանության նախարարության՝ Հայաստանին ուղղված մեղադրանքը՝ ՀՀ Վարդենիսի շրջանից Ադրբեջանի Դաշքեսանի շրջանը հրթիռակոծելու մասին։
Ադրբեջանը սեպտեմբերի 27-ի վաղ առավոտյան Արցախի ուղղությամբ սկսել է օդային և հրթիռային հարձակում՝ թիրախավորելով թե ռազմական օբյեկտներ, թե քաղաքացիական ենթակառուցվածքներ, այդ թվում՝ Ստեփանակերտում։ Արցախի զինված ուժերում 84 զոհ կա: