29 սեպտեմբերի 2020 - 15:24 AMT
Չավուշօղլու․ Թուրքիան պատրաստ է աջակցել Ադրբեջանին դիվանագիտության մեջ ու մարտի դաշտում

Թուրքիան պատրաստ է աջակցել Ադրբեջանին ինչպես դիվանագիտական, այնպես էլ ռազմական մակարդակով, հայտարարել է Թուրքիայի արտաքին գործերի նախարար Մեվլութ Չավուշօղլուն, փոխանցում է «Ինտերֆաքսը»։

«Թուրքիան պատրաստ է աջակցել Ադրբեջանին ինչպես բանակցությունների սեղանին, այնպես էլ մարտի դաշտում»,- հայտարարել է Չավուշօղլուն՝ Անկարայում Ադրբեջանի դեսպանատուն այցելելության ժամանակ։

Թուրքական դիվանագիտության ղեկավարը հայտնել է, որ ինքը Ադրբեջանի դեսպանատուն է այցելել «տարածքային ամբողջականության համար կռվող Ադրբեջանին իր աջակցությունը հայտնելու համար»։

Չավուշօղլուի կարծիքով՝ «Լեռնային Ղարաբաղի հարցի միակ լուծումը հայկաակն ԶՈՒ-ի հեռացումն է Ադրբեջանի տարածքից»։

Ադրբեջանը սեպտեմբերի 27-ի վաղ առավոտյան Արցախի ուղղությամբ սկսել է օդային և հրթիռային հարձակում՝ թիրախավորելով թե ռազմական օբյեկտներ, թե քաղաքացիական ենթակառուցվածքներ, այդ թվում՝ Ստեփանակերտում։ Արցախի զինված ուժերում 84 զոհ կա: ՊՆ ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանի խոսքով՝ Ադրբեջանի կորուստներն անհամեմատելի շատ են։ ՀՀ-ում և Արցախում ռազմական դրություն է հայտարարված։ Ավելի վաղ Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը հայտարաել էր, որ իրենց դեմ սեպտեմբերի 27ճ-ից կռվում է ոչ թե Ադրբեջանն, այլ Թուրքիան։ Միջազգային հեղինակավոր լրատվամիջոցներն արդեն անդրադարձել են Արցախի պատերազմում Անկարայից Ադրբեջան ուղարկվող զինյալների մասին։