29 սեպտեմբերի 2020 - 16:22 AMT
ՊԲ․ Զինծառայող Վահագն Վարդանի Թախմազյանը ողջ է

Արցախի պաշտպանության բանակի զինծառայող Վահագն Վարդանի Թախմազյանը ողջ է և շարունակում է կատարել իր առջև դրված մարտական խնդիրը։

ՊԲ-ն հայցում է զինծառայող Թախմազյանի հարազատների ներողամտությունը։

«Հասկանալով Ձեր վրդովմունքը՝ կապված զոհերի մասին հրապարակվող ցուցակներում անճշտությունների հետ, տեղեկացնում ենք, որ պատերազմական պայմաններում, երբ ամեն պահի փոխվում է մարտական իրավիճակը, ցավոք սրտի, հնարավոր չի լինում խուսափել նաև նման դեպքերից: Հայցում ենք զինծառայող Թախմազյանի հարազատների ներողամտությունը»,- ասվում է հայտարարության մեջ:

Ադրբեջանը սեպտեմբերի 27-ի վաղ առավոտյան Արցախի ուղղությամբ սկսել է օդային և հրթիռային հարձակում՝ թիրախավորելով թե ռազմական օբյեկտներ, թե քաղաքացիական ենթակառուցվածքներ, այդ թվում՝ Ստեփանակերտում։ Արցախի զինված ուժերում 83 զոհ կա: ՊՆ ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանի խոսքով՝ Ադրբեջանի կորուստներն անհամեմատելի շատ են։