29 սեպտեմբերի 2020 - 20:37 AMT
Փաշինյան․ ՀՀ-ն և Արցախը համարժեք պատասխանելու են Ադրբեջանին

Ադրբեջանը Թուրքիայի կողմից ակտիվ քաջալերմամբ, քաղաքական և ռազմական աջակցությամբ դեպի Հայաստան է ընդարձակում ռազմական գործողությունների աշխարհագրությունը։ Այս մասին թվիթերյան իր էջում գրել է Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

«Հայաստանը և Արցախը համարժեք քաղաքական և ռազմական պատասխան են տալու Ադրբեջանի տարածաշրջանային անվտամգությունը և խաղաղությունը խաթարելու փորձերին»,- հավելել է նա։

Ավելի վաղ՝ սեպտեմբերի 29-ին Ադրբեջանի զինված ուժերը կրակ են վարել ՀՀ ԶՈւ Վարդենիսի զորամասի, ինչպես նաև օդուժ են կիրառել դիրքերի ուղղությամբ։ Վարդենիսում քաղաքացիական ավտոբուս է ոչնչացվել ադրբեջանական կողմի հարվածային ԱԹՍ-ի հարվածից։ Ավելի ուշ Հայաստանի երկնքում թուրքական F-16 կործանիչով Ադրբեջանի տարածքից խոցվել է հայկական Սու-25 գրոհիչ ինքնաթիռ։ Օդաչուն զոհվել է։

Ադրբեջանը սեպտեմբերի 27-ի վաղ առավոտյան Արցախի ուղղությամբ սկսել է օդային և հրթիռային հարձակում՝ թիրախավորելով թե ռազմական օբյեկտներ, թե քաղաքացիական ենթակառուցվածքներ, այդ թվում՝ Ստեփանակերտում։ Պաշտպանության բանակն ունի 80 զոհ։ ՊՆ ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանի խոսքով՝ Ադրբեջանի կորուստներն անհամեմատ շատ են։