30 սեպտեմբերի 2020 - 09:25 AMT
ՄԱԿ ԱԽ-ն ՀՀ-ին և Ադրբեջանին կրակը դադարեցնելու կոչ է արել

ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը Նյու Յորքում կայացած արտահերթ նիստում կոչ է արել Ադրբեջանին և Հայաստանին դադարեցնել մարտերը Լեռնային Ղարաբաղում և վերադառնալ բանակցությունների սեղանին, գրում է BBC-ն։

«Անվտանգության խորհրդի անդամները մտահոգություն են հայտնել ղարաբաղյան հակամարտության գոտում շփման գծի ամբողջ երկայնքով լայնածավալ մարտական գործողությունների մասին հաղորդագրությունների վերաբերյալ։ Նրանք խստորեն դատապարտում են ուժի կիրառումն ու ափսոսում մարդկային զոհերի և քաղաքացիական բնակչոթյան շրջանում կորուստների համար»,-հայտարարել է բանակցությունների ավարտին ՄԱԿ ԱԽ նախագահ Աբդու Աբարին։

Ըստ նրա` ԱԽ անդամները լիակատար աջակցություն են հայտնել ԵԱՀԿ Մինսկի խմբի կենտրոնական դերին և «կոչ արել կողմերին սերտորեն աշխատել նրանց հետ՝ առանց նախապայմանների երկխոսությունն անհապաղ վերսկսելու համար»։

Ադրբեջանը սեպտեմբերի 27-ի վաղ առավոտյան Արցախի ուղղությամբ սկսել է օդային և հրթիռային հարձակում՝ թիրախավորելով թե ռազմական օբյեկտներ, թե քաղաքացիական ենթակառուցվածքներ, այդ թվում՝ Ստեփանակերտում։ ՀՀ-ում և Արցախում ռազմական դրություն է հայտարարված։