30 սեպտեմբերի 2020 - 10:15 AMT
Փաշինյան․ ՀՀ-ն դեռ մտադիր չէ դիմել ՀԱՊԿ-ին

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, որ Հայաստանը դեռ մտադիր չէ դիմել ՀԱՊԿ-ին ղարաբաղյան հակամարտության գոտում ստեղծված իրավիճակի կապակցությամբ։

«ՀԱՊԿ-ին դիմելը քաղաքական հարց է։ Մենք սերտորեն աշխատում ենք ՀԱՊԿ-ի հետ: Հայաստանի ԶՈւ-երն ի վիճակի են պաշտպանել երկրի անվտանգությունը», - ասել է Փաշինյանը Երևանում ռուս լրագրողների հետ հանդիպմանը, գրում է Aysor.am-ը:

Փաշինյանը հավելել է նաև, որ ղարաբաղյան հակամարտության գոտում ռազմական գործողություններին Ռուսաստանի ռազմական միջամտության հարց ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ չի քննարկվել։

«Բանակցությունների օրակարգում նման հարց չկար», - նշել է նա։

ՀՀ վարչապետի խոսքով՝ Հայաստանը բոլոր միջոցներով ապահովելու է իր անվտանգությունը։

«ՀԱՊԿ-ի հետ, թե առանց ՀԱՊԿ-ի, դա արդեն այլ հարց է։ Մենք քննարկում ենք մեր անվտանգության ապահովման բոլոր հնարավորությունները՝ կախված իրավիճակից և ընդհանուր քաղաքական համատեքստից», - ասել է Փաշինյանը:

Ադրբեջանը սեպտեմբերի 27-ի վաղ առավոտյան Արցախի ուղղությամբ սկսել է օդային և հրթիռային հարձակում՝ թիրախավորելով թե ռազմական օբյեկտներ, թե քաղաքացիական ենթակառուցվածքներ, այդ թվում՝ Ստեփանակերտում։ ՀՀ-ում և Արցախում ռազմական դրություն է հայտարարված։