30 սեպտեմբերի 2020 - 11:02 AMT
Արցախ․ Կախված Ադրբեջանի վարքից՝ ՊԲ-ն գուցե միայն իր նախկին բնագծերով չբավարարվի

Եթե Ադրբեջանը շարունակի իր ագրեսիվ գործողությունները, Արցախը չի բացառում, որ Պաշտպանության բանակը միայն իր նախկին բնագծերով չի բավարարվելու։ Այս մասին հայտարարել է Արցախի նախագահի մամուլի խոսնակ Վահրամ Պողոսյանը։

Նա ևս մեկ անգամ հիշեցրել է Արցախի իշխանությունների հայտարարությունը, որ Ադրբեջանի նախահարձակ գործողությունների ամբողջ պատասխանատվությունն Ադրբեջանի ռազմաքաղաքական իշխանություններինն է։

Պողոսյանի խոսքով՝ 30 տարի առաջ արցախցիներին պատերազմ է պարտադրվել և հայկական կողմը տարածքներ է ազատագրել հենց այդ պարտադրված պատերազմի ընթացքում՝ կանգնելով իր անկախության և ինքնորոշման իրավունքի համար։

Ադրբեջանը սեպտեմբերի 27-ի վաղ առավոտյան Արցախի ուղղությամբ սկսել է օդային և հրթիռային հարձակում՝ թիրախավորելով թե ռազմական օբյեկտներ, թե քաղաքացիական ենթակառուցվածքներ, այդ թվում՝ Ստեփանակերտում։ ՀՀ-ում և Արցախում ռազմական դրություն է հայտարարված։