30 սեպտեմբերի 2020 - 11:08 AMT
Վարչապետ․ ԼՂ խնդրի գոտում խաղաղապահ ուժերի տեղակայման հարց չի քննարկվում

Հայաստանը չի քննարկում ղարաբաղյան հակամարտության գոտում միջազգային խաղաղապահ ուժեր մտցնելու հնարավորությունը: Այդ մասին ռուսական լրատվամիջոցների ներկայացուցիչների հետ հանդիպմանը հայտարարել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

«Մեր օրակարգում նման հարց չկա», - ասել է Փաշինյանը, գրում է Aysor.am-ը։

Փաշինյանը հավելել էր նաև, որ ղարաբաղյան հակամարտության գոտում ռազմական գործողություններին Ռուսաստանի ռազմական միջամտության հարց ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ չի քննարկվել։ ՀՀ վարչապետի խոսքով՝ Հայաստանը բոլոր միջոցներով ապահովելու է իր ու Արցախի անվտանգությունը։

Ադրբեջանը սեպտեմբերի 27-ի վաղ առավոտյան Արցախի ուղղությամբ սկսել է օդային և հրթիռային հարձակում՝ թիրախավորելով թե ռազմական օբյեկտներ, թե քաղաքացիական ենթակառուցվածքներ, այդ թվում՝ Ստեփանակերտում։ ՀՀ-ում և Արցախում ռազմական դրություն է հայտարարված։