Արցախում պատերազմին միջամտելուց հետո Թուրքիան այլևս չի կարող համարվել ԵԱՀԿ Մինսկի խմբի անդամ, ինչպես նաև որևէ կերպ մասնակցել ղարաբա-ադրբեջանական հակամարտության կարգավորմանն ուղղված ԵԱՀԿ շրջանակում միջնորդական առաքելության գործողություններին, հայտարարել են Արցախի արտաքին գործերի նախարարությունից:
Արցախի ԱԳՆ-ն պատմական ակնարկով ներկայացրել է Թուրքայի ծավալապաշտական նկրտումները տարածաշրջանում ու նշել, որ այդ երկրի էական դերն Ադրբեջանի կողմից Արցախի ժողովրդի դեմ կատարված հանցագործություններում ունի բավարար փաստագրական ապացույցներ և կասկածից վեր է:
«Թուրքիան պետք է բացառվի ԵԱՀԿ Մինսկի խմբի կազմից, քանի որ նրա ներկայությունն այս միջազգային միջնորդական կառույցում կնշանակի Արցախի Հանրապետության դեմ պատերազմ սանձազերծելուն ուղղված ապակառուցողական և հանցավոր գործողությունների խրախուսում: Այն պայմաններում, երբ Ադրբեջանը, Թուրքիայի ուղղորդմամբ, անտեսում է միջազգային հանրության կոչերը` անմիջապես դադարեցնել ռազմական գործողությունները, և հետևողականորեն հրաժարվում է լուծել ղարաբա-ադրբեջանական հակամարտությունը բացառապես խաղաղ ճանապարհով, ԱՀ միջազգային ճանաչումը կդառնա համաշխարհային հանրության հավաքական ներդրումը տարածաշրջանում խաղաղության և անվտանգության վերականգնման, ինչպես նաև բանակցությունների միջոցով մնացած բոլոր հարցերի լուծման համար պայմաններ ստեղծելու գործում»,-հայտարարել են Արցախի ԱԳՆ-ից՝ հավելելով, որ Արցախի միջազգային ճանաչումը լիովին տեղավորվում է քաղաքակիրթ աշխարհի պարտավորությունների շրջանակում, որոնք ճանաչել և դատապարտել են 1915-1923 թթ. Հայոց ցեղասպանությունը:
ԱԳՆ-ից նշել են նաև, որ միջազգային հանրությունը պետք է լիովին գիտակցի, որ Թուրքիան, Ադրբեջանի հետ միասին, կրում է տարածաշրջանում խաղաղության և անվտանգության խախտման համար ամբողջ պատասխանատվությունը և պետք է հավասարապես էլ պատասխանատվության ենթարկվի միջազգային իրավունքի նորմերի և ՄԱԿ-ի կանոնադրության հետևողական խախտման համար:
Ադրբեջանը սեպտեմբերի 27-ի վաղ առավոտյան Արցախի ուղղությամբ սկսել է օդային և հրթիռային հարձակում՝ թիրախավորելով թե ռազմական օբյեկտներ, թե քաղաքացիական ենթակառուցվածքներ, այդ թվում՝ Ստեփանակերտում։ ՀՀ-ում և Արցախում ռազմական դրություն է հայտարարված։