Արցախի Պաշտպանության բանակի հյուսիս-արևելյան և հարավային ուղղություններում հակառակորդը կիրառել է Թուրքիայի զինուժին պատկանող F-16 բազմաֆունկցիոնալ ինքնաթիռներ: Այս պահի դրությամբ (սեպտեմբերի 30-ի՝ ժ.13:35) մարտագծի ամբողջ երկայնքով ինտենսիվ մարտերը շարունակվում են: Այս մասին հայտնում է Պաշտպանության բանակը։
Նշվում է, որ մի շարք ուղղություններում ՊԲ-ն ունի նկատելի հաջողություններ, իսկ հակառակորդի մարդկային և ռազմատեխնիկական կորուստներն ավելանում են:
Ավելի վաղ՝ սեպտեմբերի 30-ի առավոտյան, հայտարարվել էր, որ Ադրբեջանի ռազմաօդային ուժերը խառը մարտակարգով ռմբաավիացիոն հարվածներ են հասցնում հյուսիսային ուղղությամբ, օգտագործվում են նաև թուրքական արտադրության ԱԹՍ-ներ։ Հակառակորդի օդուժը գործում է հեռվից՝ չմտնելով ՀՕՊ միջոցների խոցման տիրույթ։
Նշվում էր, որ կիրառվում են օդ-ցամաք հեռահար հրթիռներ, իսկ օդաչուների թուրքերենով խոսակցություններն արձանագրված են։
Սեպտեմբերի 29-ի առավոտյան, Ադրբեջանի «Գյանջա» օդանավակայանում տեղակայված Թուրքիայի ռազմաօդային ուժերին պատկանող F-16 կործանիչներից մեկի կողմից խոցվել է ՀՀ տարածքում գտնվող ռազմական և քաղաքացիական օբյեկտների վրա ադրբեջանական հարձակումները հետ մղելու նպատակով հայկական օդային տարածքում՝ Վարդենիսի շրջանում, մարտական խնդիրները կատարող ՀՀ ԶՈւ ՍՈւ-25 գրոհիչը:
Հայկական բանակին և Արցախին նվիրատվությունները կարելի է կատարել «Հայաստան» հիմնադրամի կայքում, ինչպես նաև փոխանցումներ կատարելով Կենտրոնական բանկի հատուկ հաշվեհամարներին (դրամով, դոլարով, ռուբլիով, եվրոյով):