30 սեպտեմբերի 2020 - 18:22 AMT
ՊՆ․ Հայկական կողմը «Տոչկա-Ու» չի կիրառել

ՀՀ պաշտպանության նախարարությունը պաշտոնապես հայտարարում է, որ ադրբեջանական լրատվամիջոցների կողմից ակտիվորեն տարածվող տեղեկատվությունը, թե, իբր սեպտեմբերի 30-ին հայկական կողմն օգտագործել է «Տոչկա-Ու» հրթիռային համակարգ, ակնհայտ սուտ է և չի համապատասխանում իրականությանը: Այդ մասին ֆեյսբուքյան իր էջում տեղեկացրել է ՊՆ մամուլի քարտուղար Շուշան Ստեփանյանը։

«Միաժամանակ, խստորեն զգուշացնում ենք՝ եթե ադրբեջանական կողմն իբր պատասխան հարված հասցնելու պատրվակով մտադիր է օգտագործել այս ապատեղեկատվությունը և կիրառել նմանատիպ կամ ավելի մեծ տրամաչափի ու հեռահարության հրթիռային համակարգ, ապա հայկական կողմի պատասխանը լինելու է ակնթարթային, հուժկու և խիստ կործանարար»,- ասվում է գրառման մեջ:

Ադրբեջանը սեպտեմբերի 27-ի վաղ առավոտյան Արցախի ուղղությամբ սկսել է օդային և հրթիռային հարձակում՝ թիրախավորելով թե ռազմական օբյեկտներ, թե քաղաքացիական ենթակառուցվածքներ, այդ թվում՝ Ստեփանակերտում։ ՀՀ-ում և Արցախում ռազմական դրություն է հայտարարված։

Արցախի բանակին նվիրատվությունները կարելի է կատարել «Հայաստան» հիմնադրամի կայքում, ինչպես նաև փոխանցումներ կատարելով Կենտրոնական բանկի հատուկ հաշվեհամարներին (դրամով, դոլարով, ռուբլիով, եվրոյով):