1 հոկտեմբերի 2020 - 10:10 AMT
Իրանի ԱԳՆ․ Թույլ չենք տա, որ ահաբեկիչները տեղակայվեն Իրանի հյուսիսի հարակից տարածքներում

Իրանի ԱԳՆ խոսնակ Սաիդ Խաթիբզադեն, շրջանառվող լուրերին, թե «PPK-ի, Փեժակի ահաբեկիչներ», ինչպես նաև Սիրիայից վահաբի ահաբեկիչներ են տեղափոխվել Կովկաս, հայտարարել է, որ Իրանը թույլ չի տա ահաբեկիչներին տեղակայվել իր հյուսիսային սահմանների հարակից տարածքներում, տեղեկացնում է Հայկական տեղեկատվական միասնական կենտրոնը։

«Իրանի Իսլամական Հանրապետությունը ոչ մի դեպքում թույլ չի տա, որ ահաբեկչական խմբավորումները մեր երկրի հյուսիսային սահմաններին հարակից շրջանները մեր ազգային անվտանգության դեմ սպառնալիքի վերածեն: Բախումների տեղափոխումը Կովկաս շատ ավելի մեծ աղետի կհանգեցնի, քան ղարաբաղյան հակամարտությունը»,- ասել է նա:

Ադրբեջանը սեպտեմբերի 27-ի վաղ առավոտյան Արցախի ուղղությամբ սկսել է օդային և հրթիռային հարձակում՝ թիրախավորելով թե ռազմական օբյեկտներ, թե քաղաքացիական ենթակառուցվածքներ, այդ թվում՝ Ստեփանակերտում։ ՀՀ-ում և Արցախում ռազմական դրություն է հայտարարված։