1 հոկտեմբերի 2020 - 22:09 AMT
Սերժ Սարգսյանը՝ ՌԴ դեսպանին․ Ադրբեջանի ագրեսիան պետք է կանխվի բոլոր եղանակներով

ՀՀԿ նախագահ, ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը ՌԴ դեսպան Սերգեյ Կոպիրկինի հետ հանդիպմանն ասել է, որ ԼՂ խնդիրը ռազմական լուծում չունի, և Ադրբեջանի ագրեսիան՝ ընդդեմ Լեռնային Ղարաբաղի, և Հայաստանի, Թուրքիայի ռազմաքաղաքական ղեկավարության բացահայտ աջակցությամբ ու միջամտությամբ, պետք է կանխվի բոլոր հնարավոր եղանակներով:

Հանդիպումը տեղի է ունեցել ռուսական կողմի նախաձեռնությամբ։

Դրա ընթացքում կողմերը քննարկել են ղարաբաղա-ադրբեջանական սահմանի ողջ երկայնքով ծավալված լայնամասշտաբ ռազմական գործողություններն ու էսկալացիան, տեղեկացնում է ՀՀԿ մամուլի ծառայությունը։

Դրա հետ կապված՝ Սարգսյանը դեսպանին տեղեկացրել է ՀՀԿ-ի կողմից ներքաղաքական օրակարգի սառեցման ու համազգային կոնսոլիդացիայի մասին:

Սարգսյանը շեշտել է նաև, որ Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքը երկարաժամկետ ու արդարացի խաղաղության հասնելու անքակտելի և անկյունաքարային բաղադրիչն է հանդիսանում:

Իր հերթին՝ դեսպան Կոպիրկինը ներկայացրել է Ռուսաստանի դիրքորոշումը և իր կողմից գործադրվող ջանքերն իրավիճակի շուտափույթ կարգավորման ուղղությամբ՝ ինչպես ազգային մակարդակում, այնպես էլ՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրի մանդատի շրջանակներում:

Ադրբեջանը սեպտեմբերի 27-ի վաղ առավոտյան Արցախի ուղղությամբ սկսել է օդային և հրթիռային հարձակում՝ թիրախավորելով թե ռազմական օբյեկտներ, թե քաղաքացիական ենթակառուցվածքներ, այդ թվում՝ Ստեփանակերտում։ ՀՀ-ում և Արցախում ռազմական դրություն է հայտարարված։

Նվիրատվությունները կարելի է կատարել «Հայաստան» հիմնադրամի կայքում, ինչպես նաև փոխանցումներ կատարելով Կենտրոնական բանկի հատուկ հաշվեհամարներին (դրամով, դոլարով, ռուբլիով, եվրոյով):