Հայաստանում հոկտեմբերի 2-ի դրությամբ կորոնավիրուսի դեպքերը հասել են 50,850-ի՝ նախորդ օրվա համեմատ ավելանալով 532-ով: Այդ մասին տեղեկացնում է առողջապահության նախարարությունը։
Սա նոր դեպքերի ամենամեծ ցուցանիշն է հուլիսի 15-ից ի վեր։
Մահվան 6 դեպք է գրանցվել, 3-ը՝ կորոնավիրուսից, 3-ը՝ այլ պատճառով, երբ հիվանդի մոտ կորոնավիրուս է հաստատվել, սակայն մահը վրա է հասել այլ պատճառով։ Ընդհանուր առմամբ, կորոնավիրուսից մահվան 966 դեպք կա, այլ պատճառով՝ 301։
Ապաքինվել է ևս 187 մարդ։ Առողջացածների ընդհանուր թիվը 44,406 է, փաստացի բուժվողներինը՝ 5709։
Մեկ օրում թեստավորվել է 3897 մարդ։ Ընդհանուր առմամբ, 300,224 թեստ է արվել։
Ավելի վաղ առողջապահության նախարարությունը զգուշացչել էր, որ Հայաստանի ամբողջ տարածքում վերջին օրերին դիտվում է կորոնավիրուսային հիվանդության դեպքերի նկատելի աճ։ «Այս օրերին բոլորիս ուշադրության կենտրոնում Արցախն է, հայ ժողովուրդը մտքով և գործով սատարում է իր եղբայրներին, բայց կորոնավիրուսի համավարակը չի նահանջել։ Անգամ այս լարվածության մեջ անհրաժեշտ է խստիվ պահպանել հակահամաճարակային կանոնները»,- ասվում է հայտարարության մեջ։
Նախարարությունը կոչ է անում չկորցնել զգոնությունը, շարունակել կրել դիմակներ, պահպանել սոցիալական հեռավորությունն ու ձեռքերի հիգիենան: