2 հոկտեմբերի 2020 - 13:03 AMT
Փորձագետ․ Նույնիսկ Երևանում բջջայինով խոսելն անվտանգ չէ՝ թուրքերը կարող են գաղտնալսել

Մեդիաանվտանգության ոլորտի փորձագետ Սամվել Մարտիրոսյանը ֆեյսբուքյան իր էջում զգուշացրել է, որ նույնիսկ Երևանում անվտանգ չէ խոսել բջջային կապով, քանի որ թուրքական տարածքից հնարավոր է գաղտնալսվի։

«Առօրեական խոսակցությունները, իհարկե, հանգիստ շարունակում ենք հեռախոսով խոսել։ Ինչքան շատ, էնքան լավ։ Բայց եթե առաջնագծից, անվտանգության կամ այլ նմանատիպ թեմաների մասին է խոսակցությունը գնում՝ ոչ հեռախոսով։ Օգտագործեք WhatsApp, Telegram, Signal, թեկուզ Facebook Messenger-ի զանգով։ Բայց դե էլի՝ չարժի շատ տարածվել»,-ասվում է գրառման մեջ։

Ադրբեջանը սեպտեմբերի 27-ի վաղ առավոտյան Արցախի ուղղությամբ սկսել է օդային և հրթիռային հարձակում՝ թիրախավորելով թե ռազմական օբյեկտներ, թե քաղաքացիական ենթակառուցվածքներ, այդ թվում՝ Ստեփանակերտում։ Հրետակոծություններից վիրավորվել են նաև տեղացի և ֆրանսիացի լրագրողներ։ ՀՀ-ում և Արցախում ռազմական դրություն է հայտարարված։