2 հոկտեմբերի 2020 - 15:31 AMT
Ավակով․ Ուկրաինան ռազմական օգնություն չի ցուցաբերի ԼՂ խնդրի կողմերից ոչ մեկին

Ուկրաինան ռազմական օգնություն չի ցուցաբերի ԼՂ հակամարտության կողմերից ոչ մեկին։ Այդ մասին հայտարարել է Ուկրաինայի ներքին գործերի նախարար Արսեն Ավակովը՝ մեկնաբանելով «Սլուգա նարոդա» կուսակցությունից պատգամավոր Լյուդմիլա Մարչենկոյի հայտարարությունը։

«Իսկ ահա բուժօգնություն, հաբեր՝ չափից շատ ֆանտազիաների մեջ ընկնող պատգամավորների համար, գուցե փնտրենք ամբողջ երկրով»,-գրել է նա Twitter-ի իր միկրոբլոգում։

Լյուդմիլա Մարչենկոն հայտարարել էր, թե Կիևը պատրաստ է տարբեր հարթակներում ցանկացած աջակցություն ցուցաբերել Ադրբեջանին, այդ թվում՝ ռազմական։

Ադրբեջանը սեպտեմբերի 27-ի վաղ առավոտյան Արցախի ուղղությամբ սկսել է օդային և հրթիռային հարձակում՝ թիրախավորելով թե ռազմական օբյեկտներ, թե քաղաքացիական ենթակառուցվածքներ, այդ թվում՝ Ստեփանակերտում։ Հրետակոծություններից վիրավորվել են նաև տեղացի և ֆրանսիացի լրագրողներ։ ՀՀ-ում և Արցախում ռազմական դրություն է հայտարարված։

Photo. RBC