2 հոկտեմբերի 2020 - 15:43 AMT
Բնակչությանը նյութապես աջակցելու համար շտաբ կստեղծվի

Զինծառայողներին (մարտական գործողությունների հետևանքով տուժած), զինվորական ծառայության մեջ չգտնվող անձանց (կամավորներին), ինչպես նաև բնակչությանը նյութական աջակցություն տրամադրելու նպատակով կստեղծվի սոցիալական և նյութական աջակցության շտաբ, որոշումը ստորագրել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

Շտաբը ստեղծվում է՝ հաշվի առնելով սեպտեմբերի 27-ի առավոտյան Ադրբեջանի զինված ուժերի կողմից Արցախի ուղղությամբ սկսված ռազմական գործողությունները։

Ըստ որոշման՝ ամենօրյա պարբերականությամբ Հայաստանի վարչապետին կներկայացվի հաշվետվություն կատարված աշխատանքների մասին։

Շտաբի ղեկավար է նշանակվել վարչապետի աշխատակազմի ղեկավար Էդուարդ Աղաջանյանը։

Ադրբեջանը սեպտեմբերի 27-ի վաղ առավոտյան Արցախի ուղղությամբ սկսել է օդային և հրթիռային հարձակում՝ թիրախավորելով թե ռազմական օբյեկտներ, թե քաղաքացիական ենթակառուցվածքներ, այդ թվում՝ Ստեփանակերտում։ ՀՀ-ում և Արցախում ռազմական դրություն է հայտարարված։